ԱՐՏԱԿ ՀԱՅԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ025522203


Ծնվել է 1986 թվականի մայիսի 25-ին՝ Եղեգնաձորի շրջանի Եղեգնաձոր ավանում։

Կրթություն.

2003 թվականին ավարտել է Եղեգնաձորի՝ Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2010-2013 թվականներին ուսանել է հիշատակված ֆակուլտետի մագիստրատուրայի հեռակա ուսուցման բաժնում, որն ավարտելուց հետո ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2022 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ավարտել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

Աշխատանքային փորձ.

2011 թվականի հուլիսի 11-ից 2014 թվականի հոկտեմբերի 6-ն աշխատել է ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում՝ զբաղեցնելով քննիչի և ավագ քննիչի պաշտոններ:

2014 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում:

Նույն թվականի հոկտեմբերի 20-ին աշխատանքի է անցել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ զբաղեցնելով կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատարի, ապա՝ ՀԿԳ քննիչի պաշտոններ:

2016 թվականի մայիսի 13-ից 2022 թվականի ապրիլի 4-ն աշխատել է ՀՀ դատախազությունում: Զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի, Երևան քաղաքի դատախազության դատախազի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտագության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վաչության դատախազի պաշտոնները:

2022 թվականի դեկտեմբերի 20-ից 2023 թվականի հունվարի 26-ը՝ որպես իրավաբան, աշխատել է <<Իսրայելյան փաստաբանական գրասենյակ>> ՍՊԸ-ում:

ՀՀ նախագահի՝ 2023 թվականի հունվարի 30-ի ՆՀ-40-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ՀՀ ոստիկանության պետի՝ 2013 թվականի հունիսի 6-ի թիվ 1808-Ա հրամանով պարգևատրվել է <<Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ>> կրծքանշանով, ՀՀ ոստիկանության պետի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ 1735-Ա հրամանով պարգևատրվել է <<Համագործակցության ամրապնդման համար>> մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 315-Ա հրամանով պարգևատրվել է <<Հայաստանի Հանրապետության դատախազության 100–ամյակ>> հոբելյանական մեդալով:

Ամուսնացած է, ունի երեք դուստր: